Մի անգամ մի աղքատ ընկավ տոնավաճառ։ Դանդաղ քայլում էր նա ապրանքների վաճառասեղանների միջով, ոչ մի բան դրանցից չգնելով։
Հանկարծ նրա աչքին ընկավ մի ցուցանակ՝ «Պայուսակներ ողորմություն խնդրելու համար»։ Մոտեցավ նա այդ ապրանքին, հետաքրքրությամբ սկսեց զննել։
Այստեղ տարբեր պայուսակներ կային ըստ որակի ու չափսի՝ մահուդե ու կաշվե, կցովի ու ծալովի, կողպեքներով ու թաքնված գրպանիկներով, ձեռքին պահելու և ուսին գցելու, աչքի ընկնող ու ամեն ճաշակի։ Վարագույրի հետևից դուրս եկավ վաճառողը, նրա աչքերը փայլում էին ուրախ կրակով՝
— Դե ինչ, քեռի, պայուսակ կգնե՞ս։
Աղքատը, շփոթված նայելով ապրանքին, դանդաղ ասաց՝
— Ես նոր պայուսակի կարիք չունեմ…
— Այդ ինչպե՞ս։ Այ կգնես դու օրինակ, այսպիսի պայուսակ, — վաճառողը նրան ցույց տվեց կոկորդիլոսի կաշվից, կողպեքով պայուսակը, — ու քեզ վրա այլևս այլ կերպ կնայեն, ոչ թե որպես հասարակ աղքատի, այլ որպես հարուստի։
— Ուրախ տղա ես դու, — ասաց աղքատը։ — Ու ի՞նչ, այս ապրանքին գնորդներ պատահու՞մ են։
— Ում պետք է իր աղքատությունը թաքցնել, գնում է։ Չե՞ս գնելու։
— Ոչ, ինձ իմ կտավե պայուսակը բավարար է, նրա մեջ ավելի շատ են ողորմություն տալիս։
Ու հեռացավ աղքատը տոնավաճառից իր հին պայուսակով, դրա մեջ տանելով մեծ զարմանք։
Գալինա Ստրելկովա
