ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ինչպես լուցկի վառել»

Հնգամյա փոքրիկը վազեց խոհանոց՝ մոր մոտ, և հիացմունքով ասաց.

— Մայրի՛կ, ես սովորել եմ լուցկի վառել։

— Դե շատ լավ է,— ուրախացավ մայրը։— Ցո՛ւյց տուր, տեսնեմ՝ ինչպես ես սովորել։

 

Մայրը թերթից մի պատրույգ ոլորեց և, այն իր ձեռքերում պահած, լուցկու տուփը մեկնեց որդուն։ Փոքրիկը բացեց տուփը, մի լուցկի հանեց ու քսեց տուփին։ Լուցկին բռնկվեց զվարթ կրակով։ Փոքրիկը վառվող լուցկին մոտեցրեց մոր ձեռքի թերթե պատրույգին, և պատրույգը բռնկվեց կենդանի կրակով։ Մայրը վառվող պատրույգը գցեց խոհանոցի լվացարանի մեջ ու ասաց.

— Ապրե՛ս։ Իսկ հիմա ես ցույց տամ, թե ես ինչպես եմ լուցկի վառում։

Նա թերթից մի ուրիշ պատրույգ ոլորեց, տվեց որդու ձեռքը և վառեց այն։ Պատրույգը սկզբում բռնկվեց մեղմ, տաք բոցով։ Փոքրիկը հիացած նայում էր, բայց ոչ երկար, որովհետև բոցը կանգ չէր առնում, այլ բորբոքվելով՝ սողում էր պատրույգով վեր՝ մոտենալով տղայի ձեռքին։ Փոքրիկը վախեցած նայեց մորը, բայց նա կանգնած էր ու հանգիստ նայում էր որդուն։ Եվս մի փոքր, ու բոցը կայրեր նրա ձեռքը, բայց փոքրիկը գլխի ընկավ ու վառվող պատրույգը գցեց խոհանոցի լվացարանի մեջ։

Հետո մայրն ասաց.

— Արի՞ մի որևէ լաթ վառենք։

— Մայրի՛կ, պետք չէ, ես ամեն ինչ հասկացա՛,— ասաց որդին՝ շոյելով իր թաթիկը։

Մայրը գրկեց որդուն ու ասաց.

— Դե շատ լավ է, որ հասկացար։

Փոքրիկը այրվածք չստացավ, որովհետև մայրը կողքին էր. նա թույլ չէր տա, որ կրակն այրի երեխայի ձեռքը։

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 249 հյուր