ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Կախարդական այգին»

Ժամանակին, Հին Հնդկաստանում ապրում էր մի չար հսկա, ով մի կախարդական ամրոց ուներ ծովի ափին։ Մինչ հսկան մարտնչում էր տնից հեռու, մոտակա գյուղի երեխաները, իրենց համար ուրախ խաղեր էին խաղում հսկայի չքնաղ այգում։ Եկավ այն օրը, երբ հսկան վերադարձավ և քշեց բոլոր երեխաներին իր այգուց։

- Այլևս երբեք չվերադառնաք այստեղ, - գոռում էր նա կատաղած, շրխկացնելով հսկայական կաղնե դուռը։

Այնուհետև նա մի ահռելի մարմարե պատ կառուցեց այգու շուրջ, որպեսզի երեխաները չկարողանան մուտք գործել այգի։

Եկավ չար ու ցուրտ ձմեռը, որը բնորոշ է Հնդկաստանի հյուսիսին և հսկան սկսեց կարոտել ջերմության։ Գարունը վերադարձավ գյուղ և ձմեռվա սառցե շնչառությունը հեռացավ այգուց։ Եվ ահա մի անգամ, հսկան պատուհանից զգաց գարնան բուրմունքն ու արևի ջերմությունը։

- Վերջապս գարունը վերադարձավ, - բացականչեց նա և վազեց այգի։

Սակայն նա պատրաստ չէր տեսնել այն, ինչ իրեն սպասում էր այնտեղ։ Գյուղի երեխաներին այնուամենայնիվ հաջողվել էր անցնել մարմարե պատի վրայով և նրանք կրկին խաղում էին այգում։ Հենց նրանց ներկայությունն էլ դարձրել էր սառն ու դատարկ հողից՝ բուռն ծաղկող այգու, որը լցված էր վարդերով, նարցիսներով և օրքիդեաներով։ Բոլոր երեխաները խաղում էին ու ծիծաղում ուրախությունից։ Եվ միայն մի փոքրիկ տղա, ով կարճահասակ էր բոլոր այլ երեխաներից, չէր կարողացել հաղթահարել պատը։ Նա լաց էր լինում։ Հսկան կարեկցեց տղային և իր կյանքում առաջին անգամ նա ափսոսաց իր վատ արարքների համար։

- Ես կօգնեմ նրան, - ասաց նա և վազեց երեխայի մոտ։

Երբ բոլոր երեխաները տեսան հսկայի մոտենալը, նրանք վախեցած փախան այգուց։ Եվ միայն փոքրիկ տղան մնաց կանգնած իր տեղում։

- Ես չեմ հանձնվի, - շշնջում էր նա։ - Ես կպաշտպանեմ մեր խաղալու վայրը։

Մոտենալով տղային, հսկան գիրկը բաց արեց։

- Ես քո ընկերն եմ, - ասաց նա։ - Ես եկել եմ օգնեմ քեզ, որ հաղթահարեց պատն ու այգի ընկնես։ Հիմա դա կլինի քո այգին։

Փոքրիկ տղան երջանիկ էր և վզից հանելով ոսկե օղակապը, որը նա միշտ կրում էր, մեկնեց հսկային։

- Սա իմ թալիսմանն է, - ասաց տղան։ - Ես ուզում եմ, որպեսզի դու այն կրես։

Այդ օրվանից ի վեր երեխաները խաղում էին հսկայի հետ իր հրաշալի այգում։ Սակայն քաջ փոքրիկ տղան, որին հսկան այդպես սիրել էր, այլևս չվերադարձավ։ Անցան տարիներ, հսկան հիվանդացավ և թուլացավ։ Երեխաները շարունակում էին խաղալ նրա այգում, սակայն հսկան այլևս ուժեր չուներ նրանց ընկերակցելու։ Այդ հանգիստ օրերին նա ավելի հաճախ էր հիշում այն փոքրիկ տղային։

Մի անգամ, յուրահատուկ ցուրտ ձմեռվա թեժ ժամանակ, հսկան պատուհանից դուրս նայեց և մի հոյակապ տեսարան տեսավ՝ ամենուր ձյուն էր նստած, իսկ այգու ամենակենտրոնում կանգնած էր մի չքնաղ վարդի թուփ և նրա վրայի բոլոր վարդերը անսովոր գույնի էին։ Վարդերի կողքին կանգնած էր հենց այն փոքրիկ տղան, ում հսկան սիրում էր։ Տղան ուրախ ժպտում էր։ Հսկան ուրախությամբ շտապեց այգի, որ գրկի երեխային։

- Որտե՞ղ էիր այսքան տարիներ, իմ փոքրիկ ընկեր։ Ես ամբողջ սրտով կարոտում էի քեզ։

Տղան չէր շտապում պատասխանել։

- Շատ տարիներ առաջ դու բարձրացրեցիր ինձ ու անցկացրեցիր քո հրաշալի այգու պարսպի վրայով։ Հիմա ես եկել եմ, որպեսզի քեզ տանեմ իմ այգին։

Այդ օրը, երեխաները, ովքեր եկել էին հսկային տեսության, նրան գտան անկենդան պառկած հողի վրա։ Նրա ողջ մարմինը պատված էր չքնաղ վարդերով։

Ռոբին Շարմա

 
 

Այժմ կայքը դիտում են 1477 հյուր