ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Տաճարի պահապանը»

Քարքարոտ անապատով քայլում էր ճամփորդը։ Եվ հանկարծ նրա ճանապարհին սկսեցին հանդիպել ուղիղ, կարծես տաշած քարեր՝ մեկը, մյուսը, երրորդը… Ճամփորդը կանգ առավ ու մտածեց, որ լավ կլինի եթե այդ քարերից մի ինչ որ էական բան կառուցի – տաճար, օրինակ։

- Ուրեմն կառուցիր, - լսեց նա ձայնը։

- Բայց ես նախկինում երբեք տաճար չեմ կառուցել։ Միայն ոչ մեծ խրճիթներ։

- Դու շուրջդ տեսնու՞մ ես որևէ մեկին, ով կարող է տաճար կառուցել այդ ուղիղ քարերից։

- Ոչ, բայց դա խոսում է ոչ միայն այն մասին, որ բացի ինձանից էլ ոչ ոք չի անի, այլ նաև այն մասին, որ մարդ չկա, ումից խորհուրդ հարցնեմ։

Ձայնը ոչինչ չպատասխանեց և մարդը լծվեց հավաքել ուղիղ քարերը և դրանցից տաճարի հիմք կառուցել։ Եվ այդ աշխատանքը այնքան կլանեց նրան, որ նա չնկատեց, թե ինչպես հիմքի վրա աճեցին աչ բարձր պատերը։ Եվ սկսեցին մարդիկ գալ, որոնք չգիտես թե որտեղից լսել էին կառուցվող տաճարի մասին։

- Ովքե՞ր են այդ մարդիկ, Տեր։

- Նրանք այն տաճարի ծխականներն են, որը դու կառուցում ես։

- Իսկ ի՞նչ անեմ նրանց հետ, Տեր։

- Ոչինչ։ Ավարտիր տաճարի շինարարությունը։

Որոշ մարդիկ ինքներս սկսեցին քարեր բերել տաճարի համար։ Որոշ քարեր իդեալական հարմարվում էին շինարարությանը, իսկ մյուսները հարթ չէին կամ ամուր չէին։

- Տեր, ի՞նչ անեմ այն քարերի հետ, որոնք իմ կարծիքով տաճարին համապատասխան չեն։

- Հրաժարվիր դրանցից։

- Բայց մարդիկ այն բերում են մաքուր սրտով։ Իմ հրաժարվելը կարող է նրանց վիրավորել։

- Նրանք չեն վիրավորվի՝ դու վարպետ ես։

- Ես վարպե՞տ եմ։

- Այո, նրանք քեզ այդպես են անվանում։

- Բայց ես ինքս ինձ այդպիսին չեմ համարում։

- Բայց դու կարողացար տեսնել բազմաթիվ քարերի մեջ ուղիղներն ու ամուրները։ Դու խիզախեցիր միայնակ տաճար կառուցել։ Մարդիկ կույր չեն, նրանք հասկանում են, որ դրա համար ավելին է անհրաժեշտ, քան այն, ինչ ունի հասարակ մարդը։

- Բայց ինձ դժվար չէր, այլ նույնիսկ հետաքրքիր էր։ Ես ինքս դրանից բավականություն էի ստանում։

Եվ կրկին պատասխան չհետևեց։

Անցավ ժամանակ և մարդը ավարտեց տաճարի շինարարությունը։

- Ի՞նչ անեմ ես այս տաճարում, Տեր։

- Ներս մտիր ու արա այն, ինչ անում են մնացածը։

- Արդյո՞ք ես պետք է ծառայություն մատուցեմ այդ տաճարում։

- Ոչ, քեզ պահիր հասարակ ծխականի պես։

- Տեր, բոլորը սկսեցին վրաս նայել, բոլորը սպասում են իմ խոսքերին, ինձ իմաստուն են անվանում…

- Դուրս արի տաճարից, հագիր պահակի հանդերձանք և պահպանիր այն։ Իսկ երբ բոլորը կգնան, կարգի բեր ներսում, մաքրություն պահպանիր։

- Տեր, նրանք իրենց համար հովիվ կընտրեն…

- Չեն ընտրի։ Նրանք հետևում են քեզ, նրանք քեզ համարում են տաճարի տերը։ Նրանք սպասում են, որ դու կսկսես քարոզել։

- Ես պե՞տք է դա անեմ։

- Ոչ։ Երբ նրանք քեզանից դա չեն ստանա, նրանք վերջապես կլսեն ինձ։

- Տեր, ես չեմ ուզում պահպանել տաճարը, ես ուզում են փորձել կառուցել մի բոլորովին այլ բան, օրինակ՝ հիվանդանոց։

- Փորձիր։

- Տեր, ինչու՞ ինձ մոտ ոչինչ չստացվեց։

- Որովհետև դրա համար աոթում էին մարդիկ։ Նրանք ուզում էին, որ դու լինես քո կառուցած տաճարի կողքին։

- Տեր, ինձ շարունակում են քարեր բերել։ Ի՞նչ անեմ դրանց հետ։

- Լայնացրու տաճարը, շարունակիր կամաց-կամաց կառուցել ավելի ու ավելի մեծ։

- Տեր, տաճարն այնքան մեծ դարձավ, որ ես չեմ հասցնում համ կառուցել, համ էլ մաքրություն պահպանել այնտեղ։

- Ձեռքդ բարձրացրու և դու կտեսնես, թե որքան մարդ է հետևում քո աշխատանքին ու պատրաստ է քեզ օգնել։ Սովորեցրու նրանց այն ամենը, ինչ ինքդ կարող ես անել։

- Պատմե՞մ նրանց քո մասին, այն մասին թե ինչ ես իմացա այս ընթացքում։

- Ոչ։ Սովորեցրու միայն այն, ինչ կարողանում ես անել՝ մաքրություն պահպանել տաճարում և տարբերակել համապատասխան քարերը, սակայն մի ասա այն մասին, ինչ գիտես։

- Տեր, ես շուտով կլքեմ այս աշխարհը։ Ի՞նչ կլինի տաճարի հետ։

- Նույնը, ինչ եղել է նախկինում – այն կաճի։

- Ես պե՞տք է պահապան նշանակեմ իմ փոխարեն։

- Ոչ։ Նա, ով պահապան կդառնա, արդեն գիտե այդ մասին և ոչ մի այլ մարդ նրա հետ չի վիճի։

- Իսկ նրանք, ում ես սովորեցրեցի, կդառնան այդ տաճարի հովիվնե՞րը։

- Ոչ։ Նրանք գիտեն, որ իրենց տեղը տաճարից դուրս է, քանի այնտեղ մարդիկ են աղոթում։ Դու ես այդ կարգը սահմանել։

- Տեր, սա ի՞նչ է, նոր կրո՞ն ծնվեց։

- Ոչ, սա ծնվեց տաճար առանց կրոնի։

Անդրեյ Յակուշև