Բարձր սյան վրա, քաղաքի վրա, կանգնած էր Երջանիկ Արքայազնի արձանը։ Արձանը, վերից՝ վար պատված էր ամքուր ոսկու թերթերով։ Աչքերի փոխարեն շափյուղաներ էին ու խոշոր սուտակը փայլում էր նրա սուսերի բռնակին։
Բոլորը հիանում էին Արքայազնով։
— Նա չքնաղ է, ինչպես հողմացույց-աքաղաղը, — խոսեց Քաղաքային Խորհրդականը, ով անչափ ցանկանում էր արվեստը նուրբ գնահատողի համբավ ձեռք բերել։ — Բայց հողմացույցը շատ ավելի օգտակար է, — ավելացրեց նա անմիջապես, մտավախություն ունենալով որ իրեն կմեղադրեն ոչ պրակտիկ լինելու մեջ, իսկ դրանում, նա իրոք մեղավոր չէր։
— Ջանա լինել Երջանիկ Արքայազնի նման, — համոզում էր գիտակից մայրը իր տղային, ով անընդհատ լաց էր լինում, որ իրեն լուսինը տան։ — Երջանիկ Արքայազնը երբեք քմահաճություն չի անում։
— Ես ուրախ եմ, որ աշխարհի երեսին գտնվել է հոնե մեկ երջանիկ, — մրթմրթաց ճակատագրից տանջված թշվառականը, հայացքը հառելով չքնաղ արձանին։
— Ահ, նա բոլորովին կարծես հրեշտակ լինի, — հիանում էին Մանկատան Երեխաները, խառնիխուռն դուրս գալով տաճարից՝ վառ կարմիր թիկնոցներով ու ձյունաճերմակ գոգնոցներով։
— Որտեսի՞ց դուք դա գիտեք, — հակաճառեց Մաթեմատիկայի ուսուցիչը։ — Ախր հրեշտակ դուք երբեք չեք տեսել։
— Օ, մենք նրանց տեսնում ենք երազում, — պատասխանեցին Մանկատան Երեխաները ու Մաթեմատիկայի Ուսուցիչը խոժոռվեց ու խիստ նայեց նրանց վրա՝ նրան դուր չէր գալիս ու երեխաները երազներ են տեսնում։
Մի անգամ քաղաքի վրայով թռչում էր Ծիծեռնակը։ Նրա ընկերուհիները արդեն յոթ շաբաթ կլիներ, որ թռել էին Եգիպտոս իսկ նա նրանցից հետ էր մնացել, որովհետև սիրահարվել էր ճկուն, գեղեցիկ Եղեգին։ Դեռ վաղ գարնանը նա տեսավ նրան, երբ ընկած էր դեղին մեծ թիթեռի հետևից, ու այդպես էլ սառեց, անսպասելիորեն գրավվելով նրա սլացիկ մարմնով։
— Ուզու՞մ ես ես սիրեմ քեզ, — հարցրեց Ծիծեռնակը անմիջապես, քանի որ ուղիղություն էր սիրում ամեն ինչում ու Եղեգը ի պատասխան խոնարհվեց։
Այդ ժամանակ Ծիծեռնակը սկսեց պտտվել նրա վերևում, հազվադեպ դիպչելով ջրին ու իր հետևից, ջրի վրա արծաթագույն ծփանք թողնելով։ Այդպես էր նա արտահայտում իր սերը։ Ու այդպես շարունակվեց ողջ ամառ։
— Ինչ անհեթեթ կապ է, — ծլվլում էին մնացած ծիծեռնակները։ — Ախր Եղեգը ոչ մի գրոշ չունի ու շատ ազգականներ ունի։
Իրականում այդ ամբողջ գետը խիտ աճած էր եղեգներով։ Հետո եկավ աշունը ու ծիծեռնակները թռան։
Երբ նրանք թռան, Ծիծեռնակը իրեն որբ զգաց ու այդ կապվածությունը Եղեգի հետ նրան ծանրացնող թվաց։
— Աստված իմ, ախր նա կարծես համր լինի, ոչ մի խոսք նրանից չես լսի, — կշտամբանքով ասում էր Ծիծեռնակը, — ու ես վախենում եմ, որ շատ պչրաբարո է՝ յուրաքանչյուր քամու հետ սիրախոսում է։
Եվ իրոք, հենց քամին սկսում էր, Եղեգը այնպես էր ճկվում, այնպես էր խոնարհվում։
— Թեկուզև նա տնակաց է, բայց ես ախր սիրում եմ ճանապարհորդել, ու իմ ամուսնուն էլ չէր խանգարի ճանապարհորդելը։
— Դե ի՞նչ, կթռչե՞ս ինձ հետ, — վերջապես հարցրեց նա, բայց Եղեգը միայն գլուխը տատանեց՝ նա այնքան կապված էր տան հետ։
— Ահ, դու իմ սիրո հետ էիր խաղում, — բացականչեց Ծիծեռնակը։ — Ցտեսություն, ես թռչում եմ բուրգերի մոտ։
Եվ նա թռավ։
Մի ամբողջ օր նա թռավ ու գիշերվան մոտ հասավ քաղաք։
«Որտե՞ղ ես կանգ առնեմ, — մտածեց Ծիծեռնակը։ — Հուսամ քաղաքը արդեն պատրաստվել է ինձ ըստ արժանվույն դիմավորելու»։
Այստեղ նա տեսավ բարձր սյան վրայի արձանը։
— Ահա և հրաշալի է։ Ես այստեղ էլ կտեղավորվեմ՝ հոյակապ վայր է ու մաքուր օդ։
Եվ նա տնավորվեց Երջանիկ Արքայազնի ոտքերի մոտ։
— Ես ոսկե ննջարան ունեմ, — քնքշանքով ասաց նա շուրջը նայելով։
Եվ նա արդեն պատրաստվում էր քնել ու թաքցրել էր իր փոքրիկ գլուխը թևի տակ, որ հանկարածակի նրա վրա մի ծանր կաթիլ ընկավ։
— Ի՞նչ տարօրինակ է, — զարմացավ նա։ — Երկնքում ամպ չկա։ Աստղերն այնքան մաքուր են, պարզ, — որտեղի՞ց անձրև եկավ։ Եվրոպայի հյուսիսի կլիման ուղղակի սարսափելի է։ Իմ Եղեգը սիրում էր անձրև բայց նա այնպիսի էգոիստ է։
Այստեղ ընկավ ուրիշ կաթիլ։
— Ու ինչ օգուտ արձանից, եթե նա նույնիսկ անձրևից չի կարող պաշտպանել։ Արի իմ համար կեցավայր փնտրեմ ինչ-որ տեղ տանիքին, խողովակի մոտ։ — Ու Ծիծեռնակը որոշեց թռչել այդտեղից։
Բայց չէր հասցրել նա թևերը ուղղել, որ ընկավ երրորդ կաթիլը։
Ծիծեռնակը վերև նայեց, ու ինչ տեսավ։
Երջանիկ Արքայազնի աչքերը լցված էին արցունքներով։ Արցունքները հոսում էին նրա ոսկե այտերի վրայով։ Ու նրա դեմքը այնքան գեղեցիկ էր լուսնի փայլի տակ, որ Ծիծեռնակը կարեկցանքով լցվեց։
— Ո՞վ ես դու, — հարցրեց նա։
— Ես Երջանիկ Արքայազնն եմ։
— Բայց ինչու՞ ես դու լաց լինում։ Դու ինձ ամբողջովին թրջեցիր։
— Երբ ես ողջ էի, ու կենդանի մարդկային սիրտ ունեի, ես չգիտեի, թե ինչ բան է արցունք, — պատասխանեց արձանը։ — Ես ապրում էի Sans Souci (ֆրանսերեն՝ Անհոգության) պալատում, որտեղ վշտի մուտքը արգելված էր։ Ցերեկը ես զվարճանում էի այգում ընկերներիս հետ, իսկ երեկոյան ես պարում էի Մեծ Դահլիճում։ Այգին շրջապատված էր բարձր պատով ու ես երբեք գլխի չէի ընկել հարցնել, թե ինչ է տեղի ունենում դրանից դուրս։ Շուրջս ամեն բան այնքան գեղեցիկ էր։ «Երջանիկ Արքայազն» — մեծարում էին ինձ մերձավորներս և իրականում ես երջանիկ էի, եթե միայն բավականությունների մեջ է երջանկությունը։ Այդպես էլ ես ապրեցի, այդպես էլ մահացա։ Եվ ահա հիմա, երբ ես արդեն կենդանի չեմ, ինձ դրել են այստեղ, վերևում, այնքան բարձր, որ ես տեսնում եմ իմ մայրաքաղաքի ամեն վիշտն ու աղքատությունը։ Ու չնայած հիմա իմ սիրտը անագե է, ես չեմ կարողանում արցունքներս զսպել։
«Հա, փաստորեն դու ամբողջովին ոսկուց չես», — մտածեց Ծիծեռնակը, բայց դե իհարկե ոչ բարձրաձայն, որովհետև բավականաչափ քաղաքավարի էր։
— Այնտեղ, հեռվում, նեղ փոքրիկ փողոցի վրա ես մի աղքատ տուն եմ տեսնում, — շարունակեց արձանը ցածր մելոդիկ ձայնով։ — Սակայն պատուհանը բաց է ու ինձ երևում է մի կին, ով նստած է սեղանի շուրջ։ Նրա դեմքը ուժասպառ է, ձեռոերը կոպտացած ու կարմիր, դրանք ամբողջովին ծակծկված են ասեղով, որովհետև նա դերձակուհի է։ Նա պասիֆլորաներ է ասեղնագործում ֆրեյլիններից ամենագեղեցիկի թագուհու մետաքսե զգեստի վրա, մոտակա պալատական պարահանդեսի համար։ Իսկ փոքրիկ անկողնում, անկյունի մոտ, նրա հիվանդ բալիկն է։ Նրա տղան պառկած է տենդի մեջ ու խնդրում է, որպեսզի իրեն նարինջ տան։ Բայց մայրը չունի ոչինչ, միայն գետի ջուր է։ Եվ ահա այդ տղան լաց է լինում։ Ծիծեռնակ, Ծիծեռնակ, փոքրիկ Ծիծեռնակ։ Չե՞ս տանի դու նրան իմ սուսերի վրայի սուտակը։ Իմ ոտքերը գամված են պատվանդանին և ես չեմ կարող տեղիցս շարժվել։
— Ինձ անհամբեր սպասում են Եգիպտոսում, — պատասխանեց Ծիծեռնակը։ — Իմ ընկերուհիները պտտվում են Նեղոսի վրա ու զրուցում են փարթամ ջրաշուշանների հետ։ Շուտով նրանք կթռչեն գիշերելու Մեծ Արքայի դամբարան։ Այնտեղ հանգչում է նա ինքը, իր շքեղ դագաղի մեջ։ Նա փաթաթված է դեղին կտորներով ու բալզամացված անուշահոտ խոտերով։ Նրա վիզը փաթաթված է գունատ-կանաչ նեֆրիտե շսթայով իսկ ձեռքերը նրա նման են աշնան տերևների։
— Ծիծեռնակ, Ծիծեռնակ, փոքրիկ Ծիծեռնակ։ Մնա այստեղ միայն մի գիշեր ու եղիր իմ սուրհանդակը։ Տղան այնքան է ուզում խմել իսկ մայրը այնքան տխուր է։
— Տղան այնքան էլ սրտովս չէ։ Անցած ամառ, երբ ես ապրում էի գետի վրա, ջրաղացպանի երեխաները, չար տղաներ էին, մշտապես իմ վրա քար էին նետում։ Իհարկե չէին կարողանում դիպչել։ Մենք, ծիծեռնակներս, չափազանց ճարպիկ ենք։ Բացի դրանից իմ նախնիները յուրահատուկ ճարպկությամբ էին հայտնի, բայց դե ամեն դեպքում դա շատ անհարգալի էր։
Սակայն Երջանիկ Արքայազնը այնքան էր տխրել, որ Ծիծեռնակը նրան խղճաց։
— Այստեղ շատ ցուրտ է, — ասաց նա, — բայց ոչինչ, այս գիշեր ես կմնամ քեզ հետ ու կկատարեմ քո հանձնարարությունը։
— Շնորհակալ եմ, փոքրիկ Ծիծեռնակ, — ասաց Երջանիկ Արքայազնը։
Եվ ահա Ծիծեռնակը կտցահարեց մեծ սուտակը Երջանիկ Արքայազնի սուսերի միջից ու այդ սուտակով թռավ քաղաքի կտուրների վրայով։ Նա թռավ տաճարի զանգակատան վրայով, որտեղ կանգնած էին հրեշտակների սպիտակ մարմարե քանդակները։ Նա թռավ արքայական պալատի վրայով ու լսեց երաժշտության ձայները։ Պատշգամբ դուրս եկավ մի գեղեցիկ աղջիկ և նրա հետ նրա սիրեցյալը։
— Ինչ հրաշք են այս աստղերը, — ասաց նրան սիրեցյալը, — ու ինչքան հրաշալի է սիրո իշխանությունը։
— Հուսով եմ, որ իմ զգեստը կհասցնեն մինչև պալատական պարահանդեսը, — պատասխանեց աղջիկը։ — Ես հրամայել եմ նրա վրա պասիֆլորաներ ասեղնագործեն, բայց դերձակուհիները այնքան ծույլ են։
Ծիծեռնակը թռավ գետի վրայով ու տեսավ նավակայմերի վրայի լույսերը։ Նա թռավ Գետտոյի վրայով ու տեսավ ծեր հրեաներին, որոնք իրար հետ գործարքներ էին կնքում ու պղնձե կշեռքներով մետաղադրամներ կշռում։ Եվ վերջապես նա թռավ եկավ խեղճ տան մոտ ու ներս նայեց։ Տղան ջերմության մեջ այս ու այն կողմ էր շուռ գալիս իսկ մայրը խոր քնել էր — նա այնքան հոգնած էր։ Ծիծեռնակը ներս թափանցեց խուց ու դրեց սուտակը սեղանի վրա, դերձակուհու մատնոցի կողքին։ Հետո նա սկսեց անձայն պտտվել տղայի վրա, նրան հով անելով։
— Ինչքան լավ սկսեցի զգալ ինձ, — ասաց երեխան։ — Նշանակում է ես շուտով կապաքինվեմ։ — Եվ նա ընկավ հաճելի նիրհի մեջ։
Իսկ Ծիծեռնակը վերադարձավ Երջանիկ Արքայազնի մոտ ու պատմեց նրան այդ ամենի մասին։
— Եվ տարօրինակ է, — ավարտեց նա իր պատմությունը, — չնայած, որ դրսում ցուրտ է, բայց ես բոլորովին չեմ մրսում։
— Դա նրանից է, որ դու բարի գործ արեցիր, — նրան բացատրեց Երջանիկ Արքայազնը։
Եվ Ծիծեռնակը մտորեց այդ մասին ու անմիջապես քնեց։ Նա հենց սկսում էր մտորել, անմիջապես քնում էր։ Լուսաբացին նա քռավ գետի մոտ լողանալու։
— Տարօրինակ անբացատրելի երևույթ է, ասաց Թռչնաբան Պրոֆեսորը, այդ պահին կամուրջով անցնելուց։ — Ծիծեռնակը — ձմեռվա կեսին։
Եվ այդ մասին նա մի ընդարձակ նամակ հրապարակեց տեղական թերթում։ Բոլորը ցիտում էին այդ նամակը։ Այն լի էր այնպիսի բառերով, որոնք ոչ ոք չէր հասկանում։
«Հենց այսօր գիշեր — Եգիպտոս» — մտածեց Ծիծեռնակը, ու անմիջապես ուրախացավ։
Նա բոլոր հուշարձանները պտտվեց ու երկար նստեց տաճարի զանգակատան սայրին։ Որտեղ որ նա չհայտնվեր, ճնճղուկները սկսում էին ծլվլալ՝ «Այս ինչ օտարական է։ Այս ինչ օտարական է» — և նրան անվանում էին հայտնի օտարերկրացի, ինչը նրան չափազանց շոյում էր։
Իսկ երբ լուսինը բարձրացավ, Ծիծեռնակը վերադարձավ Երջանիկ Արքայազնի մոտ։
— Իսկ դու Եգիպտոսում հանձնարարություններ չունե՞ս, — բարձր հարցրեց նա։ — Ես հենց այս պահին թռչում եմ։
— Ծիծեռնակ, Ծիծեռնակ, փոքրիկ Ծիծեռնակ, — խնդրեց Երջանիկ Արքայազնը։ — Մնա միայն մեկ գիշեր։
— Ինձ Եգիպտոսում սպասում են, — պատասխանեց Ծիծեռնակը։ — Վաղը իմ ընկերուհիները կթռչեն դեպի Նեղոսի արագընթաց հոսանքները։ Այնտեղ եղեգների մեջ պառկած են գետաձիերը ու մեծ գրանիտե գահի վրա այնտեղ բազմած է Մեմնոն աստվածը։ Ամբողջ գիշեր նա նայում է աստղերին, իսկ երբ շողում է առավոտյան աստղը նա ողջունում է նրան ուրախ գոչյունով։ Կեսօրին դեղին առյուծները իջնում են գետի մոտ խմելու։ Նրանց աչքերը նման են կանաչ բերիլների, իսկ նրանց մռնչոցը ավելի բարձր է քան ջրվեժի ձայնը։
— Ծիծեռնակ, Ծիծեռնակ, փոքրիկ Ծիծեռնակ, — ասաց նրան Երջանիկ Արքայազնը։ — Այնտեղ, հեռվում, քաղաքից դուրս, ես ձեղնահարկում տեսնում եմ մի երիտասարդի։ Նա խոնարհված է սեղանի վրայի թղթերի վրա։ Նրա առջև բաժակի մեջ թոռոմած մանուշակներ են։ Նրա շուրթերը կարմիր են նռան պես, նրա շագանակագույն մազերը ծածանվում են իսկ նրա աչքերը մեծ են ու երազկոտ։ Նա շտապում է ավարտել իր պիեսը Թատրոնի Տնօրենի համար, բայց նա չափից ավելի մրսած է, նրա բուխարիում կրակը այրվել վերջացել է ու սովից նա շուտով անզգայացած կընկնի։
— Լավ, ես կմնամ քեզ մոտ մինչ առավոտ, — ասաց Ծիծեռնակը Արքայազնին։ Նա շատ բարի սիրտ ուներ։ — Որտե՞ղ է քո մյուս սուտակը։
— Ցավոք ես էլ սուտակ չունեմ, — ասաց Երջանիկ Արքայազնը։ — Իմ աչքերը — դա այն ամենն է, ինչ մնացել է։ Դրանք պատրաստված են հազվագյուտ շափյուղաներից ու հազար տարի առաջ են բերվել Հնդկաստանից։ Կտցիրելով հանիր դրանցից մեկը ու տար այն մարդուն։ Նա կվաճառի դա ոսկերչին ու իր համար կերակուր ու ցախ կգնի ու կավարտի իր պիեսը։
— Թանկագին Արքայազն, ես չեմ կարող դա անել, — ու Ծիծեռնակը լաց եղավ։
— Ծիծեռնակ, Ծիծեռնակ, փոքրիկ Ծիծեռնակ։ Կատարիր իմ կամքը։
Ու կտցելով հանեց Ծիծեռնակը Երիտասարդ Արքայազնի աչքը ու թռավ պոետի կեցավայր։ Նրան դժվար չէր ներս թափանցել այնտեղ, որովհետև տանիքը ծակ էր։ Այդ տանիքի միջով էլ ներս մտավ Ծիծեռնակը սենյակ։ Երիտասարդը նստած էր, ձեռքերով դեմքը փակած ու չլսեց թևերի թրթռոցը։ Միայն հետո նա նկատեց շափյուղան, թոռոմած մանուշակների կույտի մեջ։
— Սակայն ինձ սկսում են գնահատել, — ուրախ բացականչեց նա։ — Սա մի ինչ-որ հայտնի երկրպագուից է։ Այ հիմա ես կարող եմ ավարտել իմ պիեսը։ — Եվ երջանկություն կար նրա դեմքին։
Իսկ առավոտյան Ծիծեռնակը ուղղվեց նավահանգիստ։ Նա նստեց մեծ նավի կայմի վրա ու այնտեղից սկսեց նայել, թե ինչպես են նավաստիները պարաններով, նավամբարից ինչ-որ արկղեր հանում։
— Համերաշխ։ Համերաշխ, — գոռում էին նրանք, երբ արկղը վերև էր բարձրանում։
— Ես թռչում եմ Եգիպտոս, — նրանց հայտնեց Ծիծեռնակը, բայց նրա վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց։
Միայն երեկոյան, երբ լուսինը վեր բարձրացավ, Ծիծեռնակը վերադարձավ Արքայազնի մոտ։
— Ես եկել եմ հրաժեշտ տամ քեզ, — հեռվից գոռաց նա։
— Ծիծեռնակ, Ծիծեռնակ, փոքրիկ Ծիծեռնակ, — նրան խնդրեց Երջանիկ Արքայազնը։ — Չե՞ս մնա դու ինձ հետ մինչ առավոտ։
— Հիմա ձմեռ է, — պատասխանեց Ծիծեռնակը, — և շուտով այստեղ սառը ձյուն կգա։ Իսկ Եգիպտոսում արևը տաքացնում է արմավենիների տերևներն ու կոկորդիլոսները ձգված են տիղմի մեջ ու ալարկոտ իրենց շուրջն են նայում։ Իմ ընկերուհիներն արդեն բույն են հյուսում Բաալբեկյան բլուրի վրա իսկ սպիտակ ու վարդագույն աղավնիները նրանց նայելով ղունղունում են։ Թանկագին Արքայազն, ես չեմ կարող մնալ, բայց ես երբեք քեզ չեմ մոռանա ու երբ կգա գարունը, ես քեզ Եգիպտոսից երկու թանկարժեք քար կբերեմ նրանց փոխարեն, որ դու տվեցիր։ Ավելի կարմիր քան կարմիր վարդը դու դուտակ կունենաս, ու շափյուղա, որն ավելի երկնագույն է ծովի ալիքից։
— Ներքևում, հրապարակի վրա, — ասաց Երջանիկ Արքայազնը, — մի փոքրիկ աղջնակ է կանգնած, ով լուցկի է վաճառում։ Նրա ձեռքից լուցկիները ընկել են առվի մեջ ու դրանք փչացել են, ու նրա հայրը նրան կծեծի եթե նա առանց գումարի վերադառնա։ Նա ոչ մաշիկ ունի, ոչ գուլպա ու նա գլխաբաց է։ Կտցիր հանիր իմ մյուս աչքը, տուր այն աղջնակին ու հայրը նրան չի ծեծի։
— Ես կարող եմ քեզ հետ ևս մեկ գիշեր մնալ, — պատասխանեց Ծիծեռնակը, — բայց աչքդ կտցահարել չեմ կարող։ Այդ ժամանակ դու ամբողջովին կույր կլինես։
— Ծիծեռնակ, Ծիծեռնակ, փոքրիկ Ծիծեռնակ, — խնդրում էր Երջանիկ Արքայազնը, — կատարիր իմ կամքը։
Եվ նա կտցահարեց Արքայազնի երկրորդ աչքը ու մոտեցավ աղջնակին ու նրա ձեռքի մեջ գցեց հրաշալի շափյուղան։
— Ինչ գեղեցիկ ապակու կտոր է, — բացականչեց փոքրիկ աղջնակը ու ծիծաղելով վազեց տուն։
Ծիծեռնակը վերադարձավ Արքայազնի մոտ։
— Հիմա, երբ դու կույր ես, ես հավերժ կմնամ քեզ հետ։
— Ոչ, իմ սիրելի Ծիծեռնակ, — պատասխանեց դժբախտ Արքայազնը, — դու պետք է ճանապարհվես Եգիպտոս։
— Ես կմնամ քեզ հետ հավերժ, — ասաց Ծիծեռնակը ու քնեց նրա ոտքերի մոտ։
Առավոտից նա ամբողջ օրը նստում էր նրա ուսին ու պատմում նրան այն մասին, ինչ տեսել էր հեռու երկրներում՝ վարդագույն եգիպտահավերի մասին, որոնք երկար շարքով կանգնած են Նեղոսի ծանծաղուտներում ու իրենց կտուցներով ոսկե ձկնիկներ են որսում։ Աշխարհի չափ ծեր Սֆինքսի մասին, որն ապրում է անապատում ու ամեն բան գիտի։ Վաճառականների մասին, որոնք դանդաղ քայլում են իրենց ողտերի կողքով պտտելով սաթե տերողորմյաները։ Լուսնե լեռների արքայի մասին, ով սև է, ինչպես սև ծառը ու երկրպագում է բյուրեղապակու կտորին։ Մեծ Օձի մասին, որը քնած է արմավենու վրա, որտեղ քսան քուրմեր կերակրում են նրան մեղրահացերով։ Պիգմեյների մասին, որ լողում են լճով հարթ լայն տերևների վրա ու հավերժ կռվում են թիթեռների հետ։
— Թանկագին Ծիծեռնակ, — պատասխանեց Երջանիկ Արքայազնը, — այն ամենը, ինչ դու պատմում ես, զարմանահրաշ է։ Բայց ամենազարմանահրաշը այս աշխարհում — մարդկային տանջանքներն են։ Որտե՞ղ դու կգտնես նրանց լուծումը։ Թռիր իմ ողջ քաղաքի վրայով, թանկագին Ծիծեռնակ ու պատմիր ինձ այն ամենի մասին, ինչ կտեսնես։
Եվ Ծիծեռնակը թռավ ամբողջ ահռելի քաղաքի վրայով ու նա տեսավ թե ինչպես են փարթամ պալատներում հրճվում հարուստները իսկ աղքատները նստած են դրանց շեմին։ Մութ նրբանցքներում եղավ նա ու տեսավ հյուծված երեխաների գունատ դեմքեր, որոնք թախծոտ նայում էին սև փողոցին։ Կամուրջի տակ երկու փոքրիկ տղա պառկած էին իրար գրկած, ջանալով ջերմացնել միմյանց։
— Մենք ուտել ենք ուզում, — կրկնում էին նրանք։
— Այստեղ չի կարելի պառկել, — գոռում էր Ոստիկանը։
Եվ կրկին նրանք դուրս եկան անձրևի տակ։ Ծիծեռնակը վերադարձավ Արքայազնի մոտ ու պատմեց նրան այն ամենի մասին, ինչ տեսել էր։
— Ես ամբողջովին ոսկեջրած եմ, — ասաց Երջանիկ Արքայազնը։ — Հանիր իմ վրայից ոսկին, թեթիկը՝ թերթիկի ետևից ու բաժանիր այն աղքատներին։ Մարդիկ մտածում են թե երջանկությունը՝ ոսկու մեջ է։
Թերթիկը՝ թերթիկի հետևից Ծիծեռնակը հանեց արձանի վրայից ոսկին, մինչև Երջանիկ Արքայազնը չդարձավ խամրած ու մոխրագույն։ Թերթիկը՝ թերթիկի հետևից նա բաժանեց նրա մաքուր ոսկին աղքատներին ու մանուկների այտերը շառագունվում էին ու երեխաները սկսում էին ծիծաղել ու փողոցում խաղեր էին խաղում։
— Իսկ մենք հաց ունենք, — գոռում էին նրանք։
Հետո ձյուն եկավ, իսկ ձյան հետ էլ եկավ սառնամանիքը։ Փողոցները արծաթագույն դարձան ու սկսեցին փայլփլել։ Սառցալեզվակները, բյուրեղապակե դաշույնների նման կախվեցին տների տանիքներից։ Բոլորը փաթաթվեցին մուշտակների մեջ ու կարմիր գլխարկներով տղաները չմուշկներով սահեցին սառույցի վրայով։
Ծիծեռնակը, խեղճացած, ցրտահարվում էր ու սառչում, բայց չէր ուզում լքել Արքայազնին, քանի որ շատ էր նրան սիրում։ Նա թաքուն հացի խանութի մոտից փշուրներ էր հավաքում ու թևերով թափահարում էր, որ տաքանա։ Բայց վերջապես նա հասկացավ, որ եկել է մահանալու ժամանակը։ Նրա ուժերը միայն հերիքեցին, որ վերջին անգամ բարձրանա Արքայազնի ուսի վրա։
— Մնաս բարով թանկագին Արքայազն, — շշնջաց նա։ — Դու ինձ թույլ կտա՞ս համբուրել քո ձեռքը։
— Ես ուրախ եմ, որ դու վերջապես թռչում ես Եգիպտոս, — պատասխանեց Երջանիկ Արքայազնը։ — Դու շատ երկար այստեղ մնացիր։ Բայց դու պետք է համբուրես իմ շուրթերը, որովհետև ես սիրում եմ քեզ։
— Ես Եգիպտոս չեմ թռչում, — պատասխանեց Ծիծեռնակը։ — Ես թռչում եմ Մահվան Մենաստան։ Մահն ու Քունը հարազատ եղբայրներ չե՞ն արդյոք։
Եվ նա համբուրեց Երջանիկ Արքայազնի շուրթերն ու մեռած ընկավ նրա ոտքերի մոտ։
Եվ նույն րոպեին տարօրինակ ճայթյուն հնչեց արձանի ներսից, կարծես թե ինչ-որ բան պատռվեց։ Դա կոտրվեց անագե սիրտը։ Իրականում դաժան սառնամանիք էր։
Վաղ առավոտյան, ներքևում, ծառուղում ճեմում էին Քաղաքապետը, իսկ նրա հետ էլ Քաղաքի Խորհրդականները։ Անցնելով Արքայազնի սյան կողքով, Քաղաքապետը նայեց արձանին։
— Աստված իմ։ Ինչ քրջոտ է դարձել այդ Երջանիկ Արքայազնը, — բացականչեց Քաղաքապետը։
— Հենց այդպես, հենց այդպես քրջոտ, — հաստատեցին Քաղաքի Խորհրդականները, որոնք միշտ ամեն բանում համաձայնում էին Քաղաքապետի հետ։
Եվ նրանք մոտեցան արձանին, որպեսզի զննեն այն։
— Նրա սուսերի վրա այլևս սուտակ չկա, աչքերը ընկել են, և ոսկեջուրն էլ նրանից մաշվել է, — շարունակեց Քաղաքապետը։ — Նա կամայական աղքատից վատն է։
— Հենց այդպես, աղքատից վատն է, — հաստատեցին Քաղաքային Խորհրդականները։
— Իսկ նրա ոտքերի մոտ էլ մի ինչ-որ սատկած թռչուն է ընկած։ Մենք պետք է օրենք հաստատենք՝ թռչուններին արգելված է այստեղ սատկել։
Եվ քաղաքային խորհրդի Քարտուղարը անմիջապես այդ առաջարկը մտցրեց գրքի մեջ։
Եվ տապալեցին Երջանիկ Արքայազնի արձանը։
— Այն այլևս գեղեցկություն չունի, նշանակում է, որ նաև օգտակարություն չունի, — ասում էին Գեղագիտության Համալսարանական Պրոֆեսորները։
Եվ հալեցին արձանը հնոցի մեջ ու Քաղաքապետը քաղաքային խորհուրդ հրավեիրեց ու որոշեցին թե ինչ անեն մետաղի հետ։
— Մենք նոր արձան կկառուցենք, — առաջարկեց Քաղաքապետը։ — Եվ այդ նոր արձանը թող ինձ պատկերի։
— Ինձ, — ասաց յուրաքանչյուր խորհրդականը ու նրանք բոլորը սկսեցին վիճել։
Վերջերս ես կրկին լսեցի նրանց մասին՝ նրանք առ այսօր վիճում են։
— Զարմանալի է, — ասաց Գլխավոր Ձուլողը։ — Այս կոտրված անագե սիրտը չի ուզում վառարանի մեջ հալչել։ Մենք պետք է այն դեն նետենք։
Եվ նետեցին այն աղբի կույտի մեջ, որտեղ ընկած էր սատկած Ծիծեռնակը։
Եվ հանձնարարեց Տերը իր հրեշտակին՝
— Բեր ինձ ամենաթանկ բանը, որ կգտնես այդ քաղաքում։
Եվ բերեց հրեշտակը նրան անագե սիրտն ու սատկած թռչունին։
— Ճիշտ ես դու ընտրել, — ասաց Տերը։ — Քանզի իմ դրախտային այգիներում այս սիրելի թռչնակը հավերժ կերգի իսկ իմ փայլող պալատում, Երջանիկ Արքայազնը ինձ կփառաբանի։
Օսկար Ուայլդ
