Մարգարեն մկրտում էր Հորդանանում՝ աղոթելով. «Մե՛ծդ Հորդանան: Դու Իսրայելի թագավորությունը բաժանեցիր երկու մասի: Այդպես էլ Տերը բաժանեց Իր Թագավորությունը երկու մասի, և մի մասը չէր կարողանում միանալ մյուսին, այդպես բաժանեց Նա դրանք: Բայց, Հորդանանի և նրա ջրերի նման, Տերն Իրենով կմիացնի երկու մասերը, և կլինի մեկ Թագավորություն ու մեկ Իսրայել»:
Շատերը չէին հավատում մկրտությանը և համարում էին, որ այս մարդը չի կարող մարգարե լինել, քանի որ Հորդանանի պղտոր ջրերը նա նմանեցրեց Տիրոջը: Շատերն էին գալիս Հորդանան և հարցնում մարգարեին.
— Այդ մկրտությունը նշանակո՞ւմ է, արդյոք, որ հավատացյալը կմիանա անհավատին:
Իսկ մկրտվում էին միայն նրանք, ովքեր հասկանում էին «Իրենով կմիացնի» ասվածի իմաստը:
Եվ կար մի թագավոր, ում համար, ինչպես յուրաքանչյուր երկրային թագավորի, թանկ էին իր տիրույթներն ու գահը, որը համարում էր, թե աղոթել պետք է իշխանություն տվող Աստծուն: Թագավորը որոշեց հենց մարգարեից իմանալ, թե երկրային թագավորներից ում է բարեհաճ Աստված, որպեսզի կարողանա դիմակայել հակառակորդին և, եթե պետք լինի, վերադարձնել Աստծո սերը: Թագավորն իր օգնականին զինվորների ջոկատով ուղարկեց Հորդանան՝ ձերբակալելու մարգարեին և պալատ հասցնելու:
Մարգարեին նստեցրին բանտը, և թագավորը որոշեց անձամբ ու առանձին խոսել նրա հետ: Թագավորի և մարգարեի խոսակցությունը ոչ ոք չլսեց: Երբ բանտի դուռը բացվեց, դուրս գալով՝ թագավորն ասաց.
— Քո մարգարեությունները ինձնից չեն խլում թագավորությունս, բայց և տեղ չեն թողնում իմ Աստծո համար:
Եվ կողպեքների զնգոցի տակից թագավորը լսեց մարգարեի խոսքերը.
— Դե ուրեմն ուղղակի ապրեք այն գիտելիքով, որ Երկիրը ձեզ մոտ երեք կետերի վրա է:
Թագավորը ուզում էր հետ դառնալ, բայց օգնականը մեկնեց աջ ձեռքը նրա առջև՝ զգուշացնելով չանել դա:
Քայլելով միջանցքով՝ թագավորը վրդովված ասաց.
— Նա հանդուգն է իմ հանդեպ, սրա համար էլ արդեն արժե կտրել նրա գլուխը: Երկիրը մեզ մոտ երեք կետերի վրա է:
— Տիրակա՛լ, այս մարդը փոխաբերաբար արտահայտվեց, — թագավորին հանգստացնում էր օգնականը:
— Որտեղի՞ց գիտես:
— Որովհետև Երկիրը երեք կետերի վրա չէ, տիրակա՛լ, այլ մեծ կրիայի, — ժպիտով արտասանեց օգնականը:
— Այ այդպես, — մատով խփելով օգնականի կրծքին, և, կարծես կախարդանքով, արդեն ավելի հանգիստ ասաց թագավորը, — քո գլուխն էլ է պետք կտրել ինձնից խելացի լինելուդ համար:
Երեկոյան, խնջույքի ժամանակ, մեծ հավաքույթի առջև թագավորի երիտասարդ խորթ դուստրը դահիրաների ու ծնծղաների հնչյունների տակ պարում էր. դա նրա նվերն էր որդեգիր հորն ու տիրոջը: Թագավորը, խիստ գոհունակությամբ, ասաց.
— Դու ստվերեցիր այս թշվառ լուսնին, խնդրիր՝ ինչ կուզես, ես կկատարեմ:
Երիտասարդ կույսը, նախապես մոր կողմից սովորեցրած, առանց վայրկյան մտածելու խնդրեց.
— Ո՛վ տիրակալ, հրամայիր կտրել մարգարեի գլուխը և այս հավաքույթի առջև բերել այն սկուտեղի վրա:
Թագավորի հայացքը լրջացավ: Օգնականը նստած էր կողքին և սպասում էր կարգադրության: Թագավորը, թեքվելով օգնականի կողմն այնքան ցածր, որ ոչ ոք չկարողանա լսել իրենց, ասաց.
— Հայտնի՞ է քեզ արդյոք, թե ում է ծառայում թագուհին:
Օգնականը, ով նաև թագավորի խորհրդականն էր, պատասխանեց.
— Թագավորը կիմանա, եթե հավաքույթի առջև մատուցվի մարգարեի գլուխը, — և, կարճ դադարից հետո, հավելեց, — մեկ ուրիշը…
Թագավորը վստահ ասաց.
— Գնա՛ ինքդ և ամեն ինչ արա՛:
Երիտասարդ կույսը հնազանդորեն նստեց թագավորի ոտքերի մոտ և սկսեց սպասել:
Թագավորի օգնականն այնպիսի մարդ էր, ում մասին ասում են՝ նվիրված է, ինչպես շունը: Խելացի, հաշվենկատ, նենգ: Նա իր հետ վերցրեց երկու ծառայի և մի զինվորի: Անցնելով միջանցքով՝ օգնականն անցավ բանտի դռան կողքով, որտեղ նստած էր մարգարեն: Ծառաներից մեկը, նկատելով դա, ասաց.
— Տե՛ր իմ, դու թերևս մոռացար, ահա այն դուռը, որի հետևում մարգարեն է…
Ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ: Թագավորի օգնականը նշան արեց զինվորին, և նա, ակնթարթորեն, կտրեց ծառայի գլուխը:
Արյունոտված գլուխը սկուտեղի վրա բերեցին քեֆ անող տերերի ողջ հավաքույթի առջև: Երիտասարդ կույսը վեր թռավ և շտապեց մոր մոտ:
Երբ գլուխը հասցրին թագուհուն, նա հրամայեց բոլորին հեռանալ: Վերցնելով Հորդանանի ջրով լցված կուժը՝ թագուհին սկսեց դանդաղ լցնել այն կտրված գլխին: Հետո նա նստեց գլխի դիմաց և մտասուզվեց: Լռությունը խախտեց թագավորի ձայնը.
— Լռո՞ւմ է մարգարեն:
— Օ՛, թագավո՛ր և ամուսի՛ն իմ, — վեր թռավ թագուհին և ընկավ թագավորի ոտքերը:
Հստակ արտասանելով յուրաքանչյուր բառ՝ թագավորը հարցրեց թագուհուն.
— Ո՞ւմ էր նախատեսված իմ վեհանձն նվերը:
Թագուհին պատասխանեց.
— Քահանայապետին…
Թագավորը զայրացած արտասանեց.
— Ուրեմն ես սպանեմ նրան ոչ հաճելի մարդկանց, իսկ նա աղոթի՞ իմ մեղքերի համար: Եվ ինչպե՞ս մենք նրա հետ նախապես չպայմանավորվեցինք:
Թագուհին, ոտքի կանգնելով ծնկներից, ապշած հարցրեց.
— Բայց ես ի՞նչ անեմ: Չէ՞ որ ես պետք է քահանայապետին ուղարկեմ մարգարեի գլուխը, ահա սրանով… — և ցույց տվեց ծառայի կտրված գլուխը:
Թագավորը, առանց գլխին նայելու, պատասխանեց.
— Վերադարձրո՛ւ անխելք ծառայի գլուխն իր տիրոջը՝ այս խոսքերով. «Նա պատժված է»: Իսկ նրա տերը գիտի, որ ես բռնակալ եմ:
Նույն գիշերը երկու մարդ եկան մարգարեի մարմնի ետևից՝ ներկայանալով որպես նրա աշակերտներ: Նրանց տրվեց դժբախտ ծառայի մերկացված, անգլուխ մարմինը:
Առավոտյան դեմ, երբ մարգարեն աղոթում էր, բանտ մտավ թագավորի օգնականը: Ձեռքերում նա պահում էր ոչխարի բրդից միլոտ:
— Հիմա դու կգնաս այնտեղ, որտեղից եկել ես՝ անապատ: Թագավորն այլևս չի ցանկանում լսել քո մասին՝ ոչ ողջ, ոչ մեռած: Կգնաս մենակ, և զգո՛ւյշ եղիր, այս մաշկյակը կծածկի քո դեմքը:
— Ինչո՞ւ ես ինձ օգնում, չէ՞ որ ես քո թագավորի ընկերը չեմ:
— Բայց և թշնամին չես: Սա թագավորի որոշումն է՝ քեզ բաց թողնել:
— Դու շատ խելացի ես և կարող էիր ցանկալի աշակերտ դառնալ:
Թագավորի օգնականը լռում էր: Մարգարեն, հագնելով շորերը, ասում էր.
— Աստված չի կշտամբում և չի հետապնդում այն մարդուն, ով բարի գործ է արել ծածուկ: Մարդու և տիեզերքի մասին շատ գաղտնիքներ կբացահայտեն սերունդները, քանզի Ինքը՝ Տերը, կլինի նրանց դաշնակիցը: Նա լույս աշխարհ կհանի մահվան ստվերը, որպեսզի մեծերի ստվերները չսկեզբեն փոքրերի լույսը: Ամոթով կծածկի Լույսը ատող մարդկանց գործերը, կզրկի իմաստից նրանց ուսմունքները: Իսկ ինչպե՞ս պահպանի ուսմունքի էությունը նա, ով իր մեջ կրում է ապացույցը, որ այն ճշմարիտ է, որպեսզի այն չկորչի դարերի խավարում: Մի՞թե Բարձրյալը, ով նրան օժտել է տաղանդով, չէր տա նրան ուղի, որով ճշմարտությունը կանցնի ամեն տեսակ իերարխիաներից դուրս:
Ոչ մի անգամ, բարձրանալով Մակավիրի բարձր պարիսպների վրա, թագավորը հիշում էր մարգարեի հեռացող կերպարանքը և մտովի փորձում հասկանալ՝ կկարողանա՞ն, արդյոք, սերունդները պատասխանել այս արդար այրի բոլոր հարցերին:
Գալինա Ստրելկովա
