ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԾԱՂՐԱՆՔ

Նա գաճաճ էր։ Սովորական, ոչ մի բանով չառանձնացող մի փոքրիկ մարդ։ Նա ապրում էր բոլորի պես՝ արթնանում էր լուսաբացին, զբաղվում էր իր գործերով, ինչ-որ բանի մասին երազում էր, ինչ-որ բանի ձգտում։ Բայց ամեն անգամ, դուրս գալով մարդկանց մեջ, այնտեղ, իր տան սահմաններից դուրս, նա դառնում էր մի անօգնական փոքրիկ մարդ, ով վախից դողում է մոտալուտ ծաղրի պոռթկման սպասումից։

- Գաճաճ, - գոռում էին երեխաները։

- Տեսեք, գաճաճը, - իրար մեջ խոսում էին մեծերը։

- Հա, գաճաճը, - ծիծաղում էին պատանիներն ու աղջիկները։

- Էհ, գաճաճը, - հոգոց էին հանում ծերունիները։

Թզուկը գլուխը մտցնում էր ուսերի արանքը ձեռքերը մտցնում էր խոր գրպանների մեջ ու անոգնական սեղմում բռունցքները։ Նա հայացքը վեր չէր բարձրացնում, չէր պտտվում, որպեսզի նայեր նրանց աչքերի մեջ, ով այդքան դաժան էր իր հետ վարվում։ Ինչու՞մ էր իր մեղքը՝ նրանում, որ բոյը կարճ էր, թե՞ նրանում, որ ուղղակի ծնվել էր։ Այդպես էր անցնում իր կյանքը։ Անցնում էր նրա կողքով, անօգուտ, անիմաստ, մշտական վախով մարդկանցից, նրանց ծաղրի անվերջանալի պոռթկումից, փսփսանքներից ու զրույցներից։ «Եթե ես այնպիսին լինեյի ինչպես բոլորն են», - հաճախ հոգոց էր հանում գաճաճը։

Բայց մի անգամ, փողոցի մեջտեղում կանգնած, գաճաճի ականջին հասան մանկական ձայներ։ «Կրկին ծաղրում են», - դառնությամբ մտածեց գաճաճը ու պատրաստվեց գլուխը քաշել ուսերի արանքն ու առանց շրջվելու վազել տուն՝ իր պատյանի մեջ, իր ամենալավ ու պաշտպանված վայրը աշխարհի երեսին։

- Ծերուկ։ Վայ, այս ինչ տգեղ ու ծուռ ծերուկ է, - հանկարծ լսեց գաճաճը։

Կյանքում առաջին անգամ նա գլուխը պտտեց ու նայեց իրեն նեղացնողի վրա։ Եվ ինչ նա տեսավ՝ ճանապարհով, երեք տակ ծալված քայլում էր մի զառամյալ ծերունի։ Թվում էր նրան մատով կպնես, նա կփշրվի, այնքան անուժ, անօգնական ու խղճուկ էր նա։ «Բայց նա բոլորովին էլ այլանդակ չի, - ծերունուն նայելով մտածեց գաճաճը։ - Ուղղակի շատ ծեր ու հիվանդ մարդ է։ Ախր երբ նա երիտասարդ էր միգուցե նա ուժեղ էր, միգուցե նույնիսկ գեղեցիկ և հավանաբար բարձրահասակ էր ու բարեկազմ։ Նա այնպիսին էր, ինչպես բոլորը՝ ինչպես այս գարշելի ծաղրող երեխաները, ինչպես այս մեծահասակները, որոնք անքաղաքավարի քննարկում են ամենատարբեր թերություններ։ Այո, նա, նրանցից մեկն էր»։

Գաճաճը թախծով նայեց թշվառ ծերունուն, հետո հայացքը ուղղեց ծղրողների վրա ու իրեն նեղացնողներից նրա ողջ վախը մի վայրկյանում կորավ, կարծես թե երբեք չէր էլ եղել։ Գաճաճն ուղղեց մեջքն ու ուսերը, բարձրացրեց գլուխը ու ուրախ սուլելով քայլեց իր նոր կյանքին ընդառաջ։ Որոշ գոչյուններ ու ծիծաղներ նրա ականջին հասնում էին, բայց դա կարևոր չէր, և բոլորովին ըմբռնելի էլ չէր։ Ինչու՞, կհարցնեք։ Ուղղակի գաճաճը դադարեց իր մեջ գտնել ծաղրի առարկա։

ԱՎԱ ԱՐԴՈ