ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Սուլթան Մահմուդն ու իր սիրելին»

Պատմում են, որ ապագա սուլթան Մահմուդը, դեռ արքայազն ժամանակ, մի անգամ վերադառնում էր որսից։ Քաղաքի դարպասների մոտ նա հանկարծ մի տղա տեսավ, մոտ տասներկու տարեկան, աղքատի հագուստով։ Սակայն նույնիսկ կեղտոտ ցնցոտիները չկարողացան թաքցնել նրա ուշադիր հայացքից վերջինիս սլացիկ կառուցվածքը։ Մահմուդին ավելի շատ զարմացրեց նրա դեմքի կատարյալ գեցեցկությունը և նա պահանջեց, որ այդ տղային բերեն իր մոտ՝ պալատ։

Ներս մտնելով նրա մոտ, Մահմուդը հարցրեց՝

- Օ, տղա, ո՞վ է քո հայրը։

- Ես հայր չունեմ և ես ապրում եմ մորս հետ, - պատասխանեց տղան։

- Իսկ ի՞նչ ես դու սովորում, - շարունակեց հարցնել Մահմուդը։

- Ես Ղուրանն եմ անգիր սովորում, - հետևեց տղայի պատասխանը։

Մահմուդը տղային հրամայեց մի քանի հանձնարարություն կատարել և զարմացած մնաց նրա խելքով ու հմտությամբ։

Դրանից հետո Մահմուդը հրամայեց իր մոտ բերել այդ տղայի մորը և երբ վերջինս կանգնեց իր առջև նա դիմեց նրան, ասելով՝

- Ես քո որդուն պալատ եմ բերել և հիմա ես եմ նրան դաստիարակելու, որպեսզի նա արժանավոր մարդ մեծանա։ Մի անհանգստացիր և մի սրտնեղիր - նրա հետ ամեն բան լավ կլինի։

Նա շռայլ ընծաներ տվեց մորն իսկ հենց տղային կարգադրեց մետաքսե շորեր հագցնել ու հանձնարարեց ուսուցիչներին նրան գրել, կարդալ, ձիավարել և զենքից օգտվել սովորեցնել։

Ամեն առավոտ տղան գալիս էր Մահմուդի ննջասենյակի դռների մոտ և առաջին բանը, ինչ նա տեսնում էր, դուրս գալով այնտեղից դա տղայի չքնաղ դեմքն էր։ Նա մշտապես զգում էր այդ աննման տեսարանի բարերար ազդեցությունը իր կյանքի ու գործերի վրա։ Եվ նա, ջանալով դարձնել տղայի գեղեցկությունը ավելի կատարյալ, հոգում էր նրա հագուստի և այն ամենի, ինչ կար նրա վրա գեղեցկության մասին։

Մահմուդին ուրախացնում էր տղայի մեջ աճող սեփական արժանապատվության զգացումը, որը ոչ մի ընդհանուր բան չուներ պարծենկոտության կամ մեծամտության հետ և նա խիզախորեն շռայլում էր նրան և՛ բարյացակամություն, և՛ հարստություն, չվախենալով փչացնել նրա ազնվաբարո բնավորությունը։

Ժամանակի ընթացքում Մահմուդը սկսեց այնքան շատ զգալ տղայի ընկերակցության կարիքը, որ սովորաբար նույնիսկ մեկ ժամ առանց նրա չէր անցկացնում։ Անցնող տարիները միայն կատարելացնում էին տղայի կերպարը և երբ նրա տասնութ տարին լրացավ, ամբողջ աշխարհում չկար նրան հավասարը դեմքի գեղեցկության մեջ։

Ամենորյա շփումը կատարյալ գեղեցկության հետ, արդեն սուլթան դարձած Մահմուդին հաջողություն ու հաղթանակ էր բերում իր բոլոր գործերում և նա կարողացավ նվաճել ոչ միայն Խորասանի քաղաքները, այլև Հնդկաստանի մի քանի շրջաններ։

Բայց մի անգամ այդ տղան ուշ եկավ Մահմուդի մոտ, և երբ նա հայտնվեց, սուլթանն արդեն խիստ բարկացած էր և զայրացած նա ասաց տղային՝

- Ինչպե՞ս ես դու հանդգնում։ Դու մոռացե՞լ ես, թե ով էիր ու ինչ ես քեզանից դարձրեցի։ Իմ բարյացակամությունն ու հարստությունը փոխեցին քո կյանքը, ինչպե՞ս դու կարող ես չլինել ինձ հետ, իմանալով, որ ես քեզ սպասում եմ։

Լսելով այդ կշտամբանքները, տղան պատասխանեց՝

- Հիմա, սուլթան, դու ինձ լսիր։ Դու ամեն բանում ճիշտ ես։ Դու ինձ ցեխից բարձրացրեցիր մինչև գոյության գագաթները։ Հիմա ես հարուստ եմ։ Ես հարյուր հազարավոր դինարներ ունեմ, կալվածքներ, ծառաներ, անհամար հոտեր։ Դու ինձ հավասարացրեցիր այս երկրի ամենաբարձրաստիճան մարդկանց հետ։ Սակայն քո շռայլ ընծաները և ողորմածությունը չպետք է ինձ որպես կշտամբանք ծառայեն։ Եթե դու ափսոսում ես քո առատաձեռնության համար, ապա թող դա դառնա կշտամբանք քո սրտին, որովհետև հենց քո սրտով ես դու ընկալում ինձ, որպես չքնաղ տեսարան և ես հենց այն ծաղկանոցն եմ, որում հանգստանում է քո սիրտը։ Եվ դու, քո ընծաներով և ողորմածություններով զարդարում ես քո սրտի տեսարանն ու ծաղկանոցը այլ ոչ թե ինձ, չնայած, որ հենց ես եմ երախտիքի աղոթք բարձրացնում քեզ իմ երջանիկ ճակատագրի համար։

Օմար Խայամ

 
 

Այժմ կայքը դիտում են 190 հյուր