ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Գինու ծնունդը»

Պատմության մեջ գրված է, որ Հերաթում կար մի հզոր արքա, ով տիրապետում էր շատ գանձերի ու հարստության և անհամար զորքի։ Ողջ Հորասանը գտնվում էր նրա տիրապետության տակ։ Նա Ջամշիդի ցեղից էր և նրա անունն էր Շամիրան։ Շամիրանի ամրոցը՝ Հերաթում, որը պահպանվել է առ այսօր, կառուցվել է նրա կողմից։ Նա շատ խիզախ, արի ու ուժեղ որդի ուներ Բադամ անունով։ Այն ժամանակ չկար նրա նման և ոչ մի հրաձիգ։

Մի անգամ Շամիրանը նստեց պատուհանի մոտ և բոլոր մեծամեծերը կանգեցին նրա դիմաց իսկ նրա որդին՝ Բադամը, իր հոր կողքին էր։ Հանկարծ հայտնվեց Փյունիկը, կռնչոցով վայրէջք կատարեց գահի դիմաց ու նստեց գետնին։ Շամիրան արքան նայեց նրա վրա և տեսավ, որ Փյունիկի վզի շուրջը օձ է փաթաթվել և պատրաստվում է խայթել Փյունիկին։ Շամիրան արքան ասաց՝ 

- Օ առյուծ-մարդիկ։ Ո՞վ կարող է փրկել այս Փյունիկին օձից, խոցելով օձին մի նետով։

- Օ արքա, դա քո ստրուկի գործն է։ Թույլ տուր ինձ, - ասաց Բադամը։

Արքայի որդին այնպես արձակեց իր նետը, որ այն մեխեց օձի գլուխը՝ գետնին, ոչ մի վնաս չպատճառելով Փյունիկին։ Վերջինս փրկված էր և մի որոշ ժամանակ թռչելով մոտակայքում, անհետացավ։ Հաջորդ տարի նույն օրը, Շամիրան արքան մեծամեծերի հետ նստեց պատուհանի մոտ։ Նույն Փյունիկը կրկին հայտնվեց և թռչելով նրանց գլխավերևներում իջավ գետնին նույն վայրում, որտեղ խոցվել էր օձը։ Նա ինչ որ բան իր կտուցից թողեց հողին և կռնչալով մի քանի անգամ հեռացավ։ Արքան տեսավ այդ Փյունիկին ու ասաց ժողովրդին՝

- Սա նունն է, ում մենք փրկեցինք օձից։ Այս տարի նա վերադարձավ, որպեսզի պարգևատրի մեզ, ու նվեր բերեց մեզ, այնպես, ինչպես նա կտուցով հողին զարկեց։ Գնացեք ու նայեք, և այն, ինչ կգտնեք՝ բերեք։

Մի քանի մարդ գնացին ու տեսան այնտեղ միայն երկու-երեք կորիզ գտան, որոնք ընկած էին այնտեղ։ Նրանք վերցրեցին դրանք ու բերեցին Շամիրան արքայի գահի մոտ։ Արքան նայեց ու տեսավ ամուր կորիզներ։ Նա կանչեց գիտնականներին և խորաթափանց մարդկանց և ցույց տվեց նրանց այդ կորիզներն ասելով՝

- Այս կորիզները մեզ Փյունիկն է բերել։ Ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ պետք է դրանց հետ մենք անենք։

Բոլորը միաձայն ասացին, որ տնկել է պետք և լավ պահպանելով մինչև տարվա վերջ տեսնել թե ինչ կստացվի։ Հետո արքան այդ կորիզները տվեց իր այգեպանին, ասելով՝

- Տնկիր մի անկյունում և ցանկապատ արա դրանց շուրջ, որպեսզի չորքոտանիները չկարողանան այնտեղ մտնել, նաև պահպանի դրանց թռչուններից և անընդհատ ցույց տուր ինձ դրանց վիճակը։

Այգեպանն այդպես էլ արեց։ Նովրուզ (մարտ) ամիսն էր։ Անցավ մի որոշ ժամանակ։ Այդ կորիզներից մի ոչ մեծ ճյուղ աճեց։ Այգեպանը պատմեց այդ մասին արքային։ Արքան, մեծամեծերի և գիտնականների հետ եկավ թփի մոտ։ Բոլորն ասացին՝ «Երբեք մենք չենք տեսել այսպիսի ճյուղ և տերևներ»։ Հետո նրանք վերադարձան։ Մի որոշ ժամանակ անց ճյուղերը շատացան, տերևները դարձան ավելի լայն և թփի վրա շատ ողկույզներ էին կախված որոնք նման էին կապարին։ Այգեպանը եկավ արքայի մոտ ու ասաց, որ ոչ մի ծառ այգում այդքան ուրախ չի, քան դա։ Արքան երկրորդ անգամ գիտնականների հետ եկավ այդ ծառի երեսը տեսնելու։ Նա տեսավ, որ թուփը ծառի է վերածվել, և որ նրա վրա ողկույզներ են կախված։ Նա զարմացավ, ասելով, որ պետք է սպասել, մինչև չհասունանան մյուս ծառերի պտուղները և տեսնել, թե ինչպիսին կլինի այդ ծառի պտուղը։ Երբ ողկույզները մեծացան և պտուղները հասունացան, ոչ ոք չխիզախեց դիպչել նրանց։ Հետո եկավ աշունը և պտուղները - խնձորները, տանձերը, դեղձերը, նռերը - հասունացան։ Արքան նորից այգի եկավ։ Նա խաղողի ծառ տեսավ, որը զարդարված էր հարսի պես։ Նրա ողկույզները մեծացել էին և կանաչից վեր էին ածվել սևի ու փայլում էին ագաթի պես, իսկ հատիկները թափվում էին ողկույզներից մեկը՝ մյուսի հետևից։ Բոլոր գիտնականները, միաձայն ասացին, որ դրանք ծառի պտուղներ են և որ այն կատարյալ ծառ է հանդիսանում։ Այն, որ խաղողահատիկները սկսել են պոկվել ողկույզներից և թափվել, նշանակում է, որ նրանց հյութի մեջ օգտակարություն կա։ Պետք է քամել այդ հյութը, լցնել չանի մեջ ու տեսնել թե ինչ կստացվի։ Բայց ոչ ոք չխիզախեց խաղողահատիկը բերանը դնել։ Նրանցից վախենում էին, մտածելով որ դա թույն է և կսպանի իրենց։ Հենց այնտեղ, այգում չան դրեցին և խաղողի հյութը քամելով լցրեցին չանը։ Արքան հրամայեց այգեպանին՝ «Հայտնիր ինձ այն, ինչ կտեսնես»։ Հետո նրանք վերադարձան։ Երբ չանի մեջ հյութը սկսեց եռ գալ, այգեպանն եկավ արքայի մոտ՝ «Այդ հյութը եռում է ինչպես ջուրը կաթսայի մեջ, բայց առանց կրակի։ Նրանից ինչ-որ պղպջակներ են դուրս գալիս»։ Արքան ասաց՝ «Երբ կհանգստանա՝ հայտնիր ինձ»։ Մի օր էլ այգեպանը տեսավ, որ հյութը դարձել է թափանցիկ ու պարզ, փայլում էր կարմիր սուտակի պես ու հանգստացել էր։ Անհապաղ հայտնեց նա արքային։ Արքան, գիտնականների հետ եկավ, զարմացավ դրա գույնի թափանցիկությունից, ասելով՝

- Այս ծառի նպատակն ու օգտակարությունը, նրա եռալը ավարտված հյութի մեջ է։ Բայց ո՞վ կարող է ասել թույն է դա, թե՞ հակաթույն։

Հետո նրանք որոշեցին բանտից բերել մարդասպանի, և տալ նրան մի բաժակ խմել ու նայել թե ինչ կստացվի։ Այդպես էլ արեցին։ Մի բաժակ տվեցին այդ մարդասպանին։ Երբ նա մի քիչ խմեց, նա խոժոռվեց։ Հարցրեցին՝ «Էլի ուզու՞մ ես»։ Ասաց՝ «Այո»։ Էլի մի բաժակ տվեցին։ Նա սկսեց ուրախանալ, երգել, նստատեղը տատանել, և արքայի հոյակապությունը նրա աչքերում թեթևացավ։ Ասաց՝ «Մի բաժակ էլ տվեք ինձ, հետո ինչ ուզում եք ինձ հետ արեք, քանի որ մարդիկ մահվան համար են ծնված»։ Նրան երրորդ բաժակը տվեցին։ Նա խմեց, նրա գլուխը պտտվեց ու քնեց և մինչև հաջորդ օրը չարթնացավ։ Երբ նա արթնացավ, նրան բերեցին արքայի մոտ ու հարցրեցին, թե ինչ է նա երեկ խմել ու ինչպես է իրեն զգում։ Պատասխանեց՝

- Ես չգիտեի թե ինչ եմ խմում, բայց շատ լավ էր։ Եթե այսօր էլ դրանից երեք բաժակ գտնեմ։ Առաջին բաժակը ես խմեցի դժվարությամբ, քանի որ այն դառը համ ունի, բայց երբ այն արդեն իմ ստամոքսում էր, իմ բնույթը էլի ուզեց։ Երբ ես երկրորդ բաժակը խմեցի, ինձ համակեցին ուրախությունն ու զվարճանքը, այնպես, որ ամոթը հեռացավ իմ աչքերից և աշխարհը դարձավ թեթև ինձ համար։ Ես մտածեցի, որ ոչ մի տարբերություն չկա իմ և արքայի միջև և մոռացա աշխարհի դարդի մասին։ Երբ ես երրորդ բաժակը խմեցի, ես քնեցի շատ լավ քնով։

Արքան ներեց նրան նրա կատարած մեղքը։ Բոլոր գիտնականները միաձայն ասացին, որ չկա ավելի լավ և հոյակավ բարիք քան գինին, քանի որ ոչ մի կերակուրի կամ պտուղի մեջ չկա այդպիսի արժանիք և հատկություն, ինչպես գինու մեջ։ Այսպես Շամիրան արքան սովորեց գինի խմել։ Նա հաստատեց խնջույքի սովորույթ և այդ պահից ի վեր, գինի խմելու ժամանակ ուդ էին նվագում ու երգեր երգում։ Այն այգին, որտեղ խաղող էր տնկվել պահպանվում է առ այսօր և այն անվանում են Հիրայուզա։ Այն գտնվում է քաղաքի մուտքի մոտ։ Ասում են, որ խաղողի թուփը տարածվել է ամբողջ աշխարհով Հերաթից և Հերաթում այնքան շատ խաղող կա, որքան չկա և ոչ մի քաղաքում և վայրում։

Օմար Խայամ

 
 

Այժմ կայքը դիտում են 469 հյուր